Տարվա ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների ութերորդ հանդիպումը, որը կայացել է Աստանայում, նշանավորվել է ավելի քան 27 միլիարդ դոլարի երկկողմ համաձայնագրերի կնքմամբ, գրում է «Независимая Газета»-ն:
Պետությունների ղեկավարները բավարար են գնահատել ձեռք բերված հաջողությունները, բայց նաև խոստովանել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացմանը խոչընդոտող խնդիրների առկայության մասին:
Նազարբաևի և Պուտինի հանդիպումը կայացել է Ղազախստանի և ՌԴ-ի միջտարածաշրջանային համագործակցության 13-րդ համաժողովի շրջանակում: Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի առաջնորդն ուշադրությունն ուղղել է երկու երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի տեղաշարժին խոչընդոտող խնդիրների վրա: Հենց դրանք են առաջացրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրի ծավալների 30 տոկոսի անկում:
EADaily-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը կոչ է արել սեղմ ժամկետներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողություններն «առևտուրը կայուն զարգացման և աճի վերադարձնելու համար»: Նա նշել է, որ դաշինքի ստեղծման օրվանից ի վեր Մոսկվային և Աստանային հաջողվել է շատ բաների հասնել համատեղ առևտրի ազատականացման հարցերում, «ԵԱՏՄ-ի այլ գործընկերների հետ միասին հետևողականորեն վերացվում են ինտեգրմանը խոչընդոտող սահմանափակումները… բայց է՛լ ավելին է պետք անել»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 4-ին կայցելի Աստանա, որտեղ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հետ կքննարկի փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Կարող եք կարդալ նաև՝
Լուկաշենկոն ընտրում է Պեկինը. 2 երկրները 11 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել. «Նեզավիսիմայա գազետա»