Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ մինչև 200 եվրո արժողության ապրանքային խմբաքանակներն ազատվում են մաքսային վճարներից:
Նա նշեց, որ 200 եվրոն շատ փոքր գումար է և կարելի էր ավելի մեծ գումար նախատեսել:
«Դա, չեմ կարծում, որ ՓՄՁ-ների համար էական խնդիր է լուծում: Կարծում եմ, որ ՓՄՁ-ների մասով մեր հարկային օրենսգիրքն ամբողջությամբ է պետք վերանայել»,- ասաց նա և առաջարկեց, որ օրինակ՝ նոր ձևավորվող ՓՄՁ-ները առաջին երեք տարում ազատվեն հարկային պարտականությունից, մինչև իրենց ծախսերը գոնե փակեն, իսկ հետո նոր սկսվի հարկման գործընթացը:
Ինչ վերաբերում է «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» դիմումին՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որով կոչ է անում հետ կանչել Հարկային օրենսգրքի նախագիծը, տնտեսագետն ասաց, որ դա ցույց է տալիս, որ ՓՄՁ-ները ռիսկեր են տեսնում այդ օրենսգրքում:
«Արտոնյալ ժամանակաշրջան չունենալով նոր բացվող ՓՄՁ-ները մտնում են հարկային և վարկային բեռի տակ, և դրանք գործոններ են, որոնք վերջիններիս համար շատ են դժվարացնում մրցունակ լինելը, կամ ընդհանրապես բիզնեսի կայացման գործընթացը»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս կա մի իրավիճակ, երբ նոր ձևավորվողների համար այնպիսի իրավիճակ չի ստեղծվում, որ կարողանան կայանալ:
«Որոշ փոփոխություններ անում են, որպեսզի բոլորի շահերն էլ ինչ-որ կոնսենսուսային տարբերակով հաշվի առնեն, բայց այնուամենայնիվ, կածում եմ, որ ավելի ռադիկալ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել և արտոնությունների համակարգը շատ ավելի ուժեղ պետք է լինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե փոքր ու միջին բիզնեսի աջակցության հարցում իշխանության տված խոստումներն արտացոլվում են ներկայացված Հարկային նոր օրենսգրքում, Վիլեն Խաչատրյանը նշեց, որ կարծում է, թե հարկային օրենսգրքի մշակումները ավել վաղ են եղել, քան կառավարության մոտեցումները որդեգրվել են:
«Այս կարճ ժամանակահատվածը կարծում եմ, որ բավարար չէ նոր փոփոխությունները՝ համահունչ դարձնելու կառավարության մշակված քաղաքական ծրագրերին»,- ասաց նա: