Հայտարարությունը հիմա է արվել, բայց դրա նախապատմությունն ավելի հին է․ Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու մասին առաջին անգամ խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, թե ցանկանում են միանալ Մաքսային միությանը՝ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեծ խաղացող է, և իր համախառն ներքին արդյունքը Ռուսաստանի ՀՆԱ-ի համեմատ քիչ է պակաս, ունի բավականին ամուր դիրքեր տնտեսական առումով: Այսինքն՝ եթե որպես խաղացող Ռուսաստանը փորձի իր տնտեսական զարգացման գործընթացների մեջ ներառել նաև Թուրքիային, իր դերակատարումը հնարավորինս փոքրանալու է: Դա նախապայմաններից մեկն է. որպես ուժեղ խաղացող՝ ևս մեկը հայտնվելու է Ռուսաստանի կողքին»,-ասաց Վիլեն Խաչատրյանը՝ նշելով, որ դժվարանում է ասել՝ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա դա, թե ոչ:
Նշենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում ասել էր․ «Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու»:
«Այնպիսի երկրների միությունը, ինչպիսին Ղազախստանինն ու Թուրքիայինն է (որն իրեն համարում է եղբայր երկիր Թուրքիային-Վ․ Խ․), հենց միության մեջ բավականին կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, որովհետև չի կարողանա իր նախագծերը ավելի ակտիվ, որպես ավելի հզոր խաղացող, միանձնյա անցկացնել: Նման վտանգ կա»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ նման հարցը միևնույն ժամանակ դիտարկվում է որպես շուկա, գործընկերություն:
Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու դեպքում, ըստ Վիլեն Խաչատրյանի, Հայաստանը կրկին կհայտնվի մի միջավայրում, որտեղ իր դերը կրկին կփոքրանա. «Հատկապես եթե այդ միության երկրներից մեկը լինի Թուրքիան, որը մեզ հետ ոչ գործընկեր երկիր է: Մենք նաև կունենանք ԵԱՏՄ երկրների շրջանակում փակ սահմաններ ունեցող համակարգ․ դա պետք է տեսնենք նաև Ադրբեջանի անդամակցության դեպքում»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Նա մատնանշեց, որ տնտեսական միությունների անդամակցության նման ձևաչափերը տնտեսական բաց սահմանների գաղափար ունեն․ «Եթե միություն են կազմելու երկրներ, որոնց միջև գոյություն ունեն սահմանային խնդիրներ և փակ սահմաններ, ապա դա ունենալու է ֆիկտիվ բնույթ, որը տվյալ միության մի քանի երկրների շրջանակում կգործի, ոչ թե ամբողջ միության առումով»:
Այս իրավիճակներում պետք է հայկական կողմը՝ Հայաստանը, ևս արձագանքի․«Պետք է ներմուծել փակ սահմանի գաղափարը և ասել, որ նման միություններ կազմելը նպատակահարմար չէ»:
Ըստ տնտեսագետի՝ Մաքսային միությանը անդամակցությունը Թուրքիային մեծ հնարավորություններ կտա, քանի որ գնային առումով առավելություններ ունի․ միության կազմում կազատվի որոշակի մաքսային տուրքերից, շուկաներ դուրս կգա և այլն։
«Հայաստանի գյուղատնտեսությունը դրանից շատ կտուժի: Եթե մենք համեմատում ենք մեր բանջարեղենային բիզնեսը Թուրքիայինի հետ, տեսնում ենք, որ նրա երեք տոկոսն էլ մեր ցուցանիշը չի կազմում»,-ասաց նա։
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ նման հարցերը միակողմի չպետք է քննարկվեն․«Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների փակ լինելը, Հայաստանի հետ առևտրային հարցերը ևս կարգավորման առարկա պետք է լինեն: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պետք է այս հարցերին ուշադրություն դարձնեն և մեր շահերից բխող քայլեր անեն»: