Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու հիմնումը նոր հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար:
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Սոչիում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի վերջին հանդիպման ընթացքում մենք պայմանավորվ ծություն ենք ձեռք բերել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին: Սա շատ կարևոր ծրագիր է, որը զարգացման նոր հնարավորություն է բացում մեր տնտեսության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այդ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացման ապահովման առումով:
«Այդ տնտեսական գոտին լինելու է Մեղրիի տարածաշրջանում: Գիտեք, որ մեր առաջնահերթ խնդիրներից է նաև տարածաշրջանային զարգացումը, և տնտեսական գոտու հիմնումը էականորեն կնպաստի Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը: Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբացվեն նոր հնարավորություններ»,- ասել է վարչապետը:
Նա նաև հավելել է, որ ծրագիրը հնարավորություն կտա Իրանի, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնել ազատ տնտեսական գոտում, արտադրություն կազմակերպել և առանց մաքսատուրքերի արտահանել դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ: